Ալիխանյան եղբայրներ
|
ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻԽԱՆՈՎ 1904 թ., Թիֆլիս 1970 թ., Մոսկվա
|
|
ԱՐՏԵՄ ԱԼԻԽԱՆՅԱՆ 1908 թ., Թիֆլիս 1978 թ., Երևան
|
Ալիխանյան եղբայրները դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակելու համար մեկնել են Սանկտ Պետերբուրգ:
Ավագ եղբայրը՝ Աբրահամը, ընդունվել է պոլիտեխնիկական ինստիտուտ, կրտսերը՝ Արտեմը՝ համալսարան: Ապրուստի միջոցներ հայթայթելու համար երիտասարդները հարկադրված էին ուսման ընթացքում նաև աշխատել:
Բուհն ավարտելուց հետո եղբայրներն սկսեցին զբաղվել բյուրեղների ռենտգենակառուցվածքային ուսումնասիրությամբ, հետազոտել ատոմի միջուկն ու ճառագայթաակտիվությունը:
Այն ժամանակ աշխարհի մի շարք ֆիզիկոսներ պնդում էին, թե ատոմը կազմող որոշ տարրական մասնիկներ չեն ենթարկվում ֆիզիկայի հայտնի օրենքներին: Եղբայրները փորձով ապացուցեցին, որ դա այդպես չէ: Տարրական մասնիկներն ավելի մանրազնին ուսումնասիրելու համար նրանք ձեռնամուխ եղան Արեգակից ու Տիեզերքի այլ մասերից մեզ հասնող տարրական մասնիկներից կազմված ճառագայթների հետազոտմանը, և այդ նպատակով 1942 թ-ի ամռանը Արագած լեռան վրա հիմնադրեցին տիեզերական ճառագայթների՝ ԽՍՀՄ-ում առաջին բարձրլեռնային կայանը: Այստեղ` տիեզերական ճառագայթներում նրանք աշխարհում առաջինը հայտնաբերեցին նոր, անհայտ տարրական մասնիկներ և մեծ էներգիա ունեցող պրոտոններ: Այս հայտնագործությունը շատ կարևոր նշանակություն ունեցավ տիեզերական ճառագայթների գաղտնիքները բացահայտելու համար: Այդ աշխատանքները շարունակվեցին 1943 թ-ին Արտեմ Ալիխանյանի գլխավորությամբ հիմնադրված Երևանի ֆիզիկայի ինստիտուտում, որը նա ղեկավարեց 30 տարի անընդմեջ:
XX դարի 30-ական թվականներին աշխարհի խոշորագույն տերություններում հետազոտություններ էին ծավալվել միջուկում թաքնված էներգիայի հիման վրա զենք ստեղծելու ուղղությամբ: Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, խորհրդային գիտնականների առջև նույնպես համանման խնդիր դրվեց: Այդ խնդիրը լուծելու նպատակով 1942 թ-ի վերջին Աբրահամ Ալիխանովը մեկնել է Մոսկվա ու ֆիզիկոս Ի. Կուրչատովի և այլ գիտնականների հետ մասնակցել խորհրդային միջուկային զենքի ստեղծման աշխատանքներին: Շուտով այդ աշխատանքները պսակվեցին հաջողությամբ:
1945 թ-ին Աբրահամ Ալիխանովը Մոսկվայում հիմնադրել և երկար տարիներ գլխավորել է Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտը, որը դարձավ գիտության համաշխարհային կենտրոններից մեկը: Նրա անմիջական ղեկավարությամբ այստեղ նախագծվել ու կառուցվել է ԽՍՀՄ-ում իր տեսակի մեջ առաջին միջուկային ռեակտորը:
Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են մեծ էներգիա ունեցող տարրական մասնիկներով: Այդպիսի էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագացվում է, և դրանք ձեռք են բերում մեծ էներգիա: ԽՍՀՄ-ում կոշտ կիզակետումով պրոտոնային առաջին արագացուցիչն ստեղծվեց Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ Մոսկվայում, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը՝ Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ՝ Երևանում: Մեծ էներգիայով տարրական մասնիկների ուսումնասիրության համար Արտեմ Ալիխանյանն ստեղծեց նաև բազմաթիվ սարքեր:
Աբրահամ Ալիխանովը ԽՍՀՄ և ՀԽՍՀ գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս էր, ԽՍՀՄ Պետական մրցանակի եռակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Իսկ Արտեմ Ալիխանյանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմկոս էր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Լենինյան մրցանակի և ԽՍՀՄ Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր:
Ալիխանյան եղբայրների անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը, իսկ Երևանի պետական համալսարանում սահմանվել է նրանց անվան կրթաթոշակ:
Անդրանիկ
|
1865 թ., ք. Շապին-Գարահիսար, Սեբաստիայի նահանգ 1927 թ., ք. Ֆրեզնո, Կալիֆոռնիայի նահանգ, ԱՄՆ |
|
Անդրանիկի առաջին կիսանդրին Հայաստանում` Արագածոտնի մարզի Ուջան գյուղում (1968թ.) |
|
Անդրանիկի զորաջոկատը (1904 թ.) |
|
Անդրանիկի ձիարձանը Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու դիմաց (2004 թ., քանդակագործ` Արա Շիրազ ) |
Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 Անդրանիկ Օզանյանը սովորել է ծննդավայրի Մուշեղյան վարժարանում: 17 տարեկանում ահաբեկել է իր հորն անարգած թուրքին և բանտարկությունից խուսափելու համար գնացել է Կոստանդնուպոլիս, աշխատել զինագործարանում, ապա անցել Ռումինիա: 1891 թ-ին անդամագրվել է հնչակյան կուսակցությանը, շուրջ մեկ տարի անց` ՀՀԴ-ին, որից վերջնականապես հեռացել է 1917 թ-ին: 1890-ական թվականներին զինվորագրվել է Գուրգենի (Բաղդասար Մալյան), Աղբյուր Սերոբի հայդուկախմբերին: Զենք ձեռք բերելու նպատակով եղել է Սևաստոպոլում, Բաթումում, Թիֆլիսում, Կարսում, Սբ Էջմիածնում, Թավրիզում, Սալմաստում և այլուր: Համագործակցել է Դժոխք Հրայրի, Նիկոլ Դումանի, Սեպուհի, Մեծն Մուրադի հետ:
Աղբյուր Սերոբի սպանությունից (1899 թ.) հետո Տարոնում հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպել են Անդրանիկն ու Դժոխք Հրայրը: Անդրանիկի համբավը տարածվել է հատկապես 1901 թ-ի նոյեմբերի` Մշո Սբ Առաքելոց վանքի և 1904 թ-ի օգոստոսի` Աղթամարի կռիվներից հետո: 1904 թ-ի վերջին եղել է Իրանում ու Այսրկովկասում. հանդիպել է հասարակական-քաղաքական գործիչների հետ, 1914–20 թթ-ին Թիֆլիսում մտերիմ էր Հովհաննես Թումանյանի հետ:
1905–06 թթ-ին հայ-թաթարական կռիվների ժամանակ զենք հայթայթելու նպատակով մեկնել է Ֆրանսիա և Բուլղարիա: 1906 թ-ին հրատարակել է հայդուկային կռվի իր ռազմուսույցը՝ «Մարտական հրահանգներ» կանոնագիրքը: 1908 թ-ի երիտթուրքական հեղաշրջումից հետո հանդես է եկել ՀՀԴ-ի և երիտթուրքերի համագործակցության դեմ, մերժել թուրքական խորհրդարանի անդամ դառնալու դաշնակցության առաջարկը:
1912–13 թթ-ին Բալկանյան 1-ին պատերազմի ժամանակ Անդրանիկը կազմավորել է Հայկական կամավորական վաշտ և բուլղարական բանակի կազմում (հրամանատար` Գարեգին Նժդեհ) մարտնչել թուրքական զորքերի դեմ: Առաջին աշխարհամարտի սկզբին հրավիրվել է Թիֆլիս, նշանակվել ռուսական Կովկասյան բանակի կազմում գործող Հայկական 1-ին կամավորական ջոկատի հրամանատար: Ղեկավարել է շուրջ 20 հաղթական ռազմական գործողություններ, որոնցից առավել ուշագրավ են հատկապես Դիլմանի ճակատամարտը և Բիթլիսի ազատագրումը: 1917 թ-ին նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Արևմտահայերի 1-ին համագումարը (մայիսի 2–11), ընտրվել է համագումարի պատվավոր նախագահ:Ստացել է ռուսական բանակի գեներալ-մայորի կոչում:
1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվելիք թուրք-հայկական պայմանագրով, որով նախատեսվում էր նաև զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝ Անդրանիկի զորամասը, դադարեցվել են ռազմական գործողությունները: Այդ պայմանը սկզբունքորեն անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշել է հեռանալ Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցել է Ելենովկա (այժմ՝ քաղաք Սևան), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան, ընդառաջ գնալ Բաքու շարժվող անգլիական զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնել Արևմտյան Հայաստան ու շարունակել պայքարը:
Իր զորամասով և շուրջ 20 հզ. գաղթականներով Անդրանիկը հունիսի 18-ին հասել է Նախիջևան, տեղում կարգուկանոն հաստատելուց հետո գավառը հայտարարել է Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանին: Այստեղ ղեկավարել է Զանգեզուրի ինքնքպաշտպանությունը: Սակայն, հիասթափվելով Հայաստանի նկատմամբ Անտանտի վարած քաղաքականությունից և դժգոհելով հայրենի կառավարության՝ իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից, 1919 թ-ի ապրիլին եկել է Սբ Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնել է կաթողիկոսին, զորացրել զինվորներին և մեկնել Ֆրանսիա, իսկ 1922 թ-ից հաստատվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում:
Անդրանիկը պատգամել էր իր աճյունը Հայաստան տեղափոխել, որի համաձայն` 1928 թ-ին այն նախ տեղափոխվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատուն, ապա 2000 թ-ին՝ Երևան և ամփոփվել Եռաբլուրում:
Էյնշտեյն Ալբերտ
|
1879 թ., ք. Վյուրտենբուրգ, Գերմանիա 1955թ., Փրինստոն, ԱՄՆ
Ալբերտ Էյնշտեյնը հարաբերականության տեսության հիմնադիրն է, տեսություն, որը իսկական հեղաշրջում կատարեց XX դարի ֆիզիկայում: Էյնշտեյնի անվան հետ են կապված մի քանի օրենքներ ու երևույթներ: Նրա անունով են կոչվել Մենդելեևի աղյուսակի 99-րդ տարրը՝ Էյնշտեյնիումը, և էլեկտրամագնիսական ճառագայթման էներգիայի միավորը: |
Էյնշտեյն Ալբերտը դպրոցում միջակ սովորող էր, և ուսուցիչները նրան համարում էին ոչ այնքան խելացի տղա: Դպրոցն ավարտելուց շատ չանցած, սակայն, Էյնշտեյնը լրջորեն հետաքրքրվեց մաթեմատիկայով և սկսեց ջանասիրաբար ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ Իտալիայում ապրելուց հետո տեղափոխվեց Շվեյցարիա, որտեղ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում նրա ունեցած հաջողությունները ճանաչում գտան: 1 տարվա ընթացքում 26-ամյա Էյնշտեյնը հրապարակեց մի քանի գիտական հոդվածներ, որոնք հիմնովին փոխեցին գիտնականների մտածելակերպը:
Էյնշտեյնի գիտական գաղափարներն այնքան անսովոր էին, որ սկզբում մարդիկ չկարողացան դրանք հասկանալ: Նա ստեղծեց ժամանակի և տարածության վերաբերյալ տեսություն (հարաբերականության տեսություն), ինչպես նաև մեծ ավանդ ներդրեց չափազանց փոքր մասնիկների (ինչպիսիք, օրինակ, էլեկտրոններն ու պրոտոններն են) վարքագծի տեսությունում (քվանտային տեսություն): Մեր ժամանակներում հենց այդ տեսություններն են հնարավորություն տալիս գիտնականներին ավելի լավ հասկանալ ատոմների և Տիեզերքի կառուցվածքը:
Հատկապես հետաքրքիր գաղափարներ էին արտահայտված նրա մշակած հարաբերականության տեսությունում: Ըստ այդ տե, ապա սության` ստացվում էր, որ եթե որևէ մարմին շարժվի լույսի արագությանը մոտ արագությամբայդ մարմնի համար ժամանակի ընթացքը կդանդաղեր, նրա երկարությունը կփոքրանար, իսկ զանգվածը կաճեր: Հարաբերականության տեսության հիմնական դրույթեներից մեկն էլ այն է, որ լույսի արագությունը հաստատուն է և հավասար է վայրկյանում 300 հզ. կմ-ի: Էյնշտեյնի տեսությունը նաև կապ հաստատեց էներգիայի ու զանգվածի միջև, և այն արտահայտվում է E=mc^2 բանաձևով, որտեղ E –ն էներգիան է, m-ը՝ զանգվածը, c –ն` լույսի արագությունը: 1914 թ-ին նա վերադարձավ Գերմանիա: Իր գիտական աշխատանքների շնորհիվ Էյնշտեյնը նշանավոր դարձավ ողջ աշխարհում և 1921 թ-ին արժանացավ ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակի:
Սակայն Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ազդեցության ուժեղացման հետ ազգությամբ հրեա Էյնշտեյնը հետևողականորեն ենթարկվեց ստորացումների ու վիրավորանքների: Ի վերջո, նա վճռեց թողնել Գերմանիան և 1933
թ-ին արտագաղթեց ԱՄՆ, որտեղ էլ ապրեց մինչև իր կյանքի վերջը: